Գլխավոր Լուրեր Ճոխ էր ամեն ինչ, պատրաստ եմ հետ գալու. Արա Վարդանյանը դուրս եկավ...

Ճոխ էր ամեն ինչ, պատրաստ եմ հետ գալու. Արա Վարդանյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

704
0

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը քիչ առաջ դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից:

Նշենք, որ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, ինչն էլ այսօր դատարանի որոշմամբ փոխարինվեց 10 մլն դրամ գրավով:

Մեկուսարանից դուրս գալուց հետո Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկուսարանում ամեն ինչ շատ լավ էր. «Ճոխ էր ամեն ինչ, պատրաստ եմ հետ գալու»։

Արա Վարդանյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ ինքը կապ չունի. «Վստահ եմ, որ որեւէ խախտում թույլ չեմ տվել, դա կապացուցվի»։

Նա վերահաստատեց իր այն տեսակետը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում.

«Երեւի շատ ակտիվ էի, շատ եմ դեմ խոսել այս իշխանություններին, որն արդեն մոդայիկ է դարձել, երբ մենք էինք խոսում՝ շատ քչերն են խոսում, բայց հիմա բոլորն են սկսել խոսել։ Ունեմ համոզմունք, որ ամենասկզբում կար հիմնադրամը փակելու նպատակ, հետո նպատակներն ինչ-ինչ պատճառներով փոխվեցին: Բայց այն, որ կալանավորվեցի զուտ նրա համար, որ խստիվ դեմ եմ այն քաղաքականությանը, որ այսօր տեղի է ունենում,  համոզված եմ, որ դա էր կալանավորելու պատճառը»։

Վարդանյանը հայտնեց նաեւ, որ շարունակում է մնալ քաղաքականության մեջ. «Համոզված եմ, որ շուտով կունենամ ելույթներ, կանեմ ամենը, որպեսզի Հայաստանը լինի այն Հայաստանը, որն իրոք ուզում ենք տեսնել»։

NEWS.am-ի հետ զրույցում Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իրենց հետագա քայլերը կապված կլինեն նախաքննության ընթացքի հետ։ Եվ վստահեցրեց, որ ժամանակի ընթացքում Վարդանյանի անմեղությունը հաստատվելու է։

Վարոսյանը նույնպես համակարծիք էր Արա Վարդանյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Իր հետ չհամաձայնել չեմ կարող։ Ինձ համար հասկանալի չէ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը։ Ես լիահույս եմ, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում իր լուծումը կարող է տալ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։