Գլխավոր Քաղաքական Այլ երկրում այսպիսի հակաօրինական գործողություններին կհետևեր ոստիկանապետի հրաժարականը. դրանք նախևառաջ հարված էին...

Այլ երկրում այսպիսի հակաօրինական գործողություններին կհետևեր ոստիկանապետի հրաժարականը. դրանք նախևառաջ հարված էին ոստիկանության հեղինակությանը. Լ. Ալավերդյանը՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին

1289
0

Որևէ այլ երկրում այսպիսի հակաօրինական գործողություններին կհետևեր ոստիկանապետի հրաժարականը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամներին ձեռնաշղթաներով Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն:

«Ես դատապարտում եմ այն ամբողջ գործընթացը, որը երեկ կատարվեց, այն էլ՝ բանակի տոնի ժամանակ: Այդ ամենը շատ ցածր որակի էր»,-ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, թե այդ բոլոր գործողությունների հետևանքը՝ Ոստիկանության՝ որպես երկրի կարևորագույն հաստատության պատվի հետ խաղն էր:

«Ինչ ուզում է լինի, մենք պետք է շատ բարձր գնահատենք մեր ուժային կառույցների դերը այնպիսի տարածաշրջանում և այնպիսի ժամանակաշրջանում, որում մենք ապրում ենք: Այդ գործողությունները նախևառաջ հարված էին ոստիկանության հեղինակությանը»,-ասաց Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ բերման ենթարկված անձինք Ոստիկանության համար անհայտ անձինք չէին, ընդհատակում գործող անձինք չէին: «Գրագետ գործելու դեպքում ոստիկանությունն այդ արժեքները կրող մարդկանց հանդեպ այդպես չէր գործի: Այն, որ նրանց վերագրվող կասկածները շինծու էին, ապացուցեց հենց ոստիկանությունը: Վերջինս ինքն իրեն հերքեց՝ դրանով հարված հասցնելով ոչ միայն ոստիկանությանը, այլև՝ երկրին»,-ասաց իրավապաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ դատապարտելի էր թե՛ բուն նախաձեռնությունը, թե՛ դրա կատարման ձևը: Նա չգիտի՝ վարչապետի կողմից անմիջական հորդոր եղե՞լ է՝ այդ գործողությունները կատարելու, թե՞ ոչ, բայց իր կարծիքով՝ անգամ հորդոր լինելու դեպքում Ոստիկանության գործողություններն արդարացվել չեն կարող. «Որևէ մեկը թող երբևէ չմտածի, որ ոստիկանապետի ԺՊ-ն կարող է արդարացվել նրանով, որ իրեն հորդորել են նման բան անել: Կա սկզբունք, որ յուրաքանչյուրն անօրինական հրամանը կամ հորդորը կատարելու ժամանակ կրում է անձնական պատասխանատվություն»,-նշեց իրավապաշտպանը և կոչ արեց հիշել, որ պետությունն այն դաշտը չէ, որտեղ միջանձնյա հարաբերություններով կամ անձնական քմահաճույքներով են հանդես գալիս:

Ամբողջական նյութը կարդացեք՝ աղբյուր կայքում: