Գլխավոր Լուրեր Միլանից Երեւան 40 անձ է ժամանել․ Հիվանդության ախտանշաններ նրանց մոտ չեն հայտնաբերվել

Միլանից Երեւան 40 անձ է ժամանել․ Հիվանդության ախտանշաններ նրանց մոտ չեն հայտնաբերվել

1023
0

Այսօր, մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան 40 անձ է ժամանել։ Օդանավակայանում բոլորի ինքնազգացողությունը ստուգվել է, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ եւ հազ ոչ ոքի մոտ չի արձանագրվել:

Իտալիայից ժամանած ուղեւորները օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։

ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է իրականացնել ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։

Հայաստան ժամանող ուղեւորներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, քանի որ այս երկրները համաճարակային առումով այսօր շատ ռիսկային են։ Այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին խորհուրդ է տրվում 14 օր խուսափել շփումներից եւ ինքնամեկուսանալ։

Իր հերթին արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: