Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 հիմնական դպրոցից այսօր` մարտի 15-ին 61 անձ է մեկուսացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը:
«Մեկուսացվել են դասարանի բոլոր աշակերտները եւ 5 ուսուցիչ, որոնք որ դաս են տվել վարակված երեխայի հաճախելու օրերին:Մեկուսացվել են նաեւ յուրաքանչյուր երեխայից մի ծնողը` կամ մայրը կամ հայրը, եւ նրանց անչափահաս մյուս երեխաները, որովհետեւ հրաժարվում էին առանց երեխաների մեկուսանալ»,-ասաց նա:
Տնօրենը հայտնեց, որ ընդհանուր 35 աշակերտ կա դասարանում: Նրանցից մեկը` կորոնավիրուսով վարակված աղջիկ երեխան մի քանի օր է, ինչ մեկուսացված է: Դրանից հետո մեկուսացվել էր նաեւ նրա կողքին նստող աշակերտը:
«Երեխան ջերմել է, ստուգել են եւ պատասխանը բացասական է եղել»,- ասաց տնօրենը:
Նշենք, որ մինչ այս պահը Հայստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 23 դեպք, մեծամասնությունը կապված է էջմիածնի նշանդրեքի հայտնի դեպքի հետ: