Մենք հասկանում ենք, որ մարդկանց տեղաշարժի սահմանափակումները անվերջ չեն կարող տեւել, դրա համար մենք գնում ենք այն երկրների օրինակով, որոնք գնացել են արդյունավետ, տեխնոլոգիապես հագեցված միջոցներով կանխարգելել եւ մեկուսացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Այսինքն վարակի շղթաները հայտնաբերել, ջարդել վարակի շղթաները ինչ-որ մի կետում, կանխարգելել ու մեկուսացնել: Օրինակ նույն Սինգապուրում բոլոր դպրոցները բաց են, չկա որեւէ գործունեության տեսակ, որ արգելված է, բայց այնքան են տեխնոլոգիապես վերազինվել, որ արագ կարողանում են հայտնաբերել վարակակիրներին եւ նրանց հետ շփված անձանց:
Հետագա 10 օրերի ընթացքում կարող է էլի մարտավարություն փոխվել, սահմանափակումները ավելի են խստացվելու, նաեւ վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք: Ոստիկանությանը միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետեւ իրապես ծանր աշխատանք է վերահսկողությունը»,-ասաց Ավինյանը: