Գլխավոր Լուրեր Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը

Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը

935
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի ապրիլի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 109 կողմ ձայնով։

Կառավարության հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- նշել էր Ավանեսյանը։

Փոխնախարարը հավելել էր, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։