Գլխավոր Լուրեր Քվեարկությամբ ամենաակտիվ համայնքը Դպրեվանքն է, ամենապասիվը՝ Նոր Արտամետը. 18 համայնքներում շարունակվում են...

Քվեարկությամբ ամենաակտիվ համայնքը Դպրեվանքն է, ամենապասիվը՝ Նոր Արտամետը. 18 համայնքներում շարունակվում են ՏԻՄ ընտրությունները

1615
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3-ժամյա պարբերականությամբ հրապարակում է այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները: Ըստ այդմ՝ 18 համայնքներից, առավոտյան ժամը 11-ի դրությամբ, ամենաակտիվը ընտրություններին մասնակցել է Արագածոտնի մարզի Դպրեվանք գյուղը՝ ընտրողների 20.69 տոկոսի մասնակցությամբ, իսկ ամենապասիվը՝ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղը՝ իր 1.92 տոկոս ընտրողներով:

Մարգարայից ընտրական ակտիվությամբ աննշան հետ է մնում Կոտայքի մարզի Մարգարա գյուղը՝ 20 տոկոս մասնակցությամբ: Ժամը 11-ի դրությամբ՝ հաջորդ ամենաակտիվ քվեարկած գյուղերն են եղել Կոտայքի մարզի Գետամեջ (18.84), Գեղարքունիքի Գեղաքար (19.85 ), Վանեվան (19.08 ), և այլ գյուղեր: Ամենապասիվ քվեարկած մյուս գյուղը Լոռու մարզի Անտառամուտ համայնքն է:

Հիշեցնենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: