ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր մամուլում տարածված տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար սահմանված 2 մլրդ դրամի չափով գրավը մուծելու հարցում օգնել են ռուսաստանցի գործարարները:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ գրավը մուծել օգնել են ռուս գործարարները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը և գործարար Գենադի Ստեփանյանը: Գումարի մյուս մասը վճարել է «Սիստեմա ԲՖԿ» (АФК “Система”) ռուսական ներդրումային ընկերութունը, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև Սամվել Կարապետյանը: «Իսկապես, դա այդպես է»,- ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։