Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Դուք վայելում եք իմ աջակցությունը. Ալեքսիս Օհանյանը պատմել է Փաշինյանի հետ հանդիպման...

Դուք վայելում եք իմ աջակցությունը. Ալեքսիս Օհանյանը պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին

2472
0

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, իր ինստագրամյան էջում ակտիվ կիսվում է պատմական հայրենիք կատարած այցի տպավորություններով: Այս անգամ նա երկու լուսանկար է հրապարակել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից:

«Ինձ հրավիրել էին հանդիպելու վարչապետ Փաշինյանի հետ: Ես նրա հետ կիսվեցի @initialized-ի իմ տեսլականով, նրանով, թե մեր կարծիքով՝ ինչն է աշխատում աշխարհի ստարտափներում, և թե ինչ կպահանջվի Հայաստանից ազգի մտավոր ներուժից առավելագույն օգուտ ստանալու համար:

Ես նրան ասացի, որ դեռ այսքան հպարտ չէի եղել իմ հայ լինելու փաստով, քան թավշյա հեղափոխությունից ու նրա վարչակազմի կողմից կոռուպցիան վերացնելու մասին նպատակների հայտարարումից ի վեր:

Զա՛րկ տվեք Հայաստանում նորարարություններին ու ձեռնարկատիրական գործունեությանը ու միավորեք ամբողջ աշխարհի հայերին: Դուք վայելում եք իմ աջակցությունը»,- գրել է Օհանյանը:

Հիշեցնենք, որ Օհանյանը Հայաստան էր այցելել նաև 2010թ.:

Երեսունհինգամյա միլիոնատերը ծնվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների որդու՝ Քրիս Օհանյանի և գերմանուհի մոր ընտանիքում:

Այժմ նա ամուսնացած է աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկի՝ Սերենա Ուիլյամսի հետ և ունի դուստր, որին անվանել է Օլիմպիա Ալեքսիս Օհանյան: