Գլխավոր Դեսից-դենից Ինչու ենք խոսում քնած ժամանակ. մի քանի հետաքրքիր փաստ

Ինչու ենք խոսում քնած ժամանակ. մի քանի հետաքրքիր փաստ

2211
0

Դեպքերի մեծամասնությունում քնած ժամանակ մարդիկ պարզ արտահայտություններ են ասում կամ անիմաստ բառեր։ Այս ամենը սովորաբար մի քանի վայրկյան է տևում՝ չնայած կարող են հանդիպել նաև բավական երկար խոսակցություններ։ Սա կարող է տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով՝ դժվար օր ունենալու հետևանքով կամ այն պատճառով, որ խիստ մտահոգված ենք։ Հնարավոր է՝ այդ կերպ փորձում ենք արտահայտել այն, ինչ զգում ենք։ Սակայն պետք է հաշվի առնել, որ, եթե մեծահասակն ամեն օր խոսում է քնած ժամանակ, սա արդեն խանգարում է համարվում։ Քնած ժամանակ հաճախ խոսելու հիմնական պատճառը շարունակական սթրեսն է, մեծ լարվածությունն ու, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան հոգնածությունը։

Քնած ժամանակ խոսելը քնի խանգարումներից մեկն է։ Այն առանձնակի վտանգավորություն չի ներկայացնում ոչ բժշկական, ոչ հոգեբանական առումով։ Այս խանգարումն ունեցող մարդը որևէ անհարմարություն չի զգում։ Այն կարելի է նաև դիտարկել՝ որպես մարդու առանձնահատկություն, որն արտահայտվում է քնի ընթացքում։

Քնած խոսելը կարող է գրանցվել «արագ» և «դանդաղ» քնի ընթացքում։ Առաջին դեպքում քունն ուղեկցվում է առավել վառ և հագեցած երազներում։ Այս դեպքում խախտում է տեղի ունենում, և մի քանի վայրկյանով խոսակցություն ենք լսում։ Քնի այս մակարդակում սովորաբար մարդը հստակ է խոսում, կարող եք երկարատև մենախոսություն լսել կամ նույնիսկ երկխոսություն զրուցակցի հետ։ Երբ մարդ սկսում է խոսել «դանդաղ» քնի ընթացում, սովորաբար դժվար է հստակ բառեր լսել։ Բայց պետք է հաշվի առնել, որ այս բաժանումը խիստ պայմանական է, և ոչ միշտ է հնարավոր խոսքի հստակությամբ հասկանալ, թե քնի որ մակարդակում է գտնվում մարդը։

Եթե այս երևույթն առաջացել է 25 տարեկանից բարձր անձի մոտ և կրկնվում է շաբաթվա ընթացքում մի քանի անգամ, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը։ Քնած ժամանակ խոսելը կարող է կապված լինել վախի, էմոցիոնալ խնդրի կամ սթրեսի հետ։ Այս խնդրից ազատվելու գործում կօգնի այն ամենը, ինչ օգնում է հանգստանալ քնելուց առաջ.

    • տաք լոգանք,
    • հանգիստ, դասական երաժշտություն,
    • թեթև ընթերցանություն։

Հարկավոր է նաև խուսափել այն ամենից, ինչի հետևանքով կարող եք սկսել խոսել քնի ընթացքում.

  • ալկոհոլի կամ ըմպելիքի օգտագործում, որը կոֆեին է պարունակում,
  • ֆիզիկական վարժություններ երեկոյան ժամերին,
  • գրգռող բովանդակությամբ ֆիլմերի կամ նորությունների դիտում։