Գլխավոր Լուրեր Դեկտեմբերին ինչպիսի՞ն կլինի եղանակը Հայաստանում

Դեկտեմբերին ինչպիսի՞ն կլինի եղանակը Հայաստանում

55741
0

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։

Նշվում է, որ դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և, հետևաբար, փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում են ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

«Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն՝ դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում։ Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է’ 70% և ավելի: Իսկ տեղումների միջին քանակը կազմում է 38մմ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30 սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով:

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։

Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է․

Երևանում՝ +2…+3°C,

Արարատի և Արմավիրի մարզերում՝ +1…+2°C,

Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ +1…+2°C, լեռնային շրջաններում՝ -1…-3°C,

Շիրակի մարզում՝ -3…-5°C,

Գեղարքունիքի մարզում՝ -1…-3°C

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ -2…-4°C, նախալեռնային՝ +1…+3°C,

Լոռու մարզում՝ 0…+2°C,

Տավուշի մարզում՝ +2…+5°C,

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ +1…+3°C, լեռնային շրջաններում’ 0…-2°C,

Սյունիքի հովտային շրջաններում՝ +4…+7°C, նախալեռնային շրջաններում’ 0…+3°C,

Արցախում՝ +4…+7°C։