Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ:
Այս մասին այսօր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ եթե որևէ մեկը կասկածում է, որ պատերազմից հետո շարունակելու է, օրինակ՝ շահագործել բնական ռեսուրսները, նավթ վաճառել, ապա դա այդպես չէ:
«Ռեգիոնի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:
Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, և հետո ՀՀ երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանի տեսակետը: Այսօր վարչապետն է բանակցողը, բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն ու ՀՀ արտաքին գործերի նախարարն են»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է երկրի նախագահին, Արմեն Սարգսյանն ասաց, որ իր դերն այստեղ լինելու է խորհրդականի. «Իմ տարիների փորձը կփոխանցեմ իրենց՝ աջակցել ու սատարել և լինել համար մեկ դեսպանը այն քաղաքականության, որը մեր երկիրը վարում է»: