Գլխավոր Հայապատում Նապոլեոնի հավատարիմ թիկնապահ Ռուստամ Ռազան, նույն ինքը՝ Ռոստոմ Խաչատուրյանը Շուշիից

Նապոլեոնի հավատարիմ թիկնապահ Ռուստամ Ռազան, նույն ինքը՝ Ռոստոմ Խաչատուրյանը Շուշիից

2057
0

1812թ-ի ամռանը Նապոլեոնի զորքը մտավ Մոսկվա․․․սակայն Մոսկվան արդեն դատարկ էր, իսկ մարշալ Կուտուզովը սպասում էր հակահարձակման հարմար պահին․․․

Նապոլեոնն այլ սպասելիքներ ուներ Մոսկվայից, բայց տեսնելով դրա դատարկությունը, որոշեց պարզապես այրել այն։ Երբ հասավ հայկական փոքրիկ թաղամասին, նրան մոտեցավ թիկնապահը՝ «իմ գեներալ, խնդրում եմ, խնայեք իմ հայրենակիցներին․ սա նրանց պատերազմը չէ, նրանք խաղաղ մարդիկ են․․․»

Նապոլեոնը պատասխանեց․ «իմ հավատարիմ Ռուստամ, թող լինի քո ուզածի պես, ես քո ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, և նրանք ինձ թշնամի չեն»։

Գուցե այս ամենը լեգենդ է, բայց լեգենդ չէր ինքը՝ Ռուստամը․․․ Ռուստամը՝ Ռոստոմ Խաչատուրյան, ծնվել էր 1783թ-ին Թիֆլիսում՝ արցախցի մեծահարուստ վաճառական Հովնան Խաչատուրյանի ընտանիքում։ Հովնանի ընտանիքը հիմնականում ապրում էր Արցախում՝ Շուշիիում, սակայն 1784թ-ին Հովնանը որոշեց կրկին վերադառնալ Թիֆլիս․․․նա իր հետ Թիֆլիս տարավ երկու որդիներին, իսկ երկու աղջիկներն իրենց մոր և Ռոստոմի հետ մնացին Արցախում։

Երբ Հովնանի գործերը Թիֆլիսում նոր թափ են հավաքում, Արցախում մնացած նրա ընտանիքը որոշում է միանալ նրանց, սակայն դեպի Թիֆլիս ճանապարհին նրանց վրա հարձակվում է թաթարների հրոսակախումբը։ Աղջիկներից մեկին դաժանաբար սպանում են, իսկ տասնմեկամյա Ռոստոմին առևանգում․ իր ընտանիքին Ռոստոմն այլևս չէր տեսնելու․․․

Պատանուն առևտրականները յոթ անգամ վերավաճառում են, մինչև որ նրան գնում է մի եգիպտացի և կարգում նրան մամլուք։ Մամլուքները գերված օտարազգի պատանիներն էին, որոնց տակավին երիտասարդ տարիքից վարժեցնում էին ռազմական գործին։ Այսպես, Ռոստոմը դառնում է գերի․․․

1799 թ-ն նրա «տերը»՝ շեյխ Ալ Բաքրին, որպես բարի կամքի դրսևորում, Ռոստոմին նվիրում է Ֆրանսիայի կայսեր Նապոլեոնին․․․և նա դառնում է Ռուստամ։

Ֆրանսիացի պատմաբանները գրում են, որ Նապոլեոնը Ռուստամին վստահում էր առավել, քան որևէ այլ զինակցի։ Տասնյոթ երկար տարիներ արցախցի Ռոստոմը լինում է գեներալի վստահված անձը, թիկնապահն ու զրահակիրը։ Տարիներ շարունակ անտեղյակ լինելով իր ընտանիքի ճակատագրից, նա Կովկաս մեկնող առևտրականին խնդրում է լուրեր բերել նրանց մասին։ Առևտրականն այդ ծառայության համար մեծ գումար է պահանջում, և Ռոստոմը դիմում է Նապոլեոնին։ Նապոլեոնն էլ իր հերթին խոստանում է առևտրականին վճարել գումարը միայն այն դեպքում, երբ նա կվերադառնա բարի լուրերով, սակայն առևտրականը չի վերադառնում․․․

1814թ-ի ապրիլին անգլիացիները գահնըկեց արեցին Կորսիկացի Գեներալին և աքսորեցին նրան Էլբա կղզի։

Խուսափելով հետապնդումներից՝ գեներալի ձերբակալությունից հետո Ռոստոմը գաղթեց Իրան, այնտեղից էլ Թիֆլիս, որտեղ նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը։

1821թ-ի մայիսի 5-ին մահացավ Ֆրանսիայի լեգենդը՝ գեներալ Բոնապարտը, սակայն Ռոստոմը չկարողացավ մեկնել․․․

1826-1828թթ-ին Ռոստոմը մասնակցեց ռուս-պարսկական պատերազմին՝ որպես հեծելազորային ջոկատի հրամանատար։ Իսկ Արցախի ազատագրումից հետո նա վերդարձավ հայրենի Շուշի, որտեղ ապրեց երկու տարի․․․

Երբ ֆրանսիական կառավարությունը որոշում կայացրեց պատվով հուղարկավորել Նապոլեոնի աճյունը՝ Փարիզի «Հաշմանդամների տանը»։ Ռոստոմը մեկնեց Սուրբ Հեղինե կղզի, որտեղից էլ ուղեկցեց գեներալի աճյունը տեղափոխողներին՝ մինչև Փարիզ․․․

Դրանից հետո Ռոստոմը կրկին հաստավեց Ֆրանսիայում և ամուսնացավ Ժոզեֆինա կայսրուհու սենեկապետի դստեր Ալեքսանդրա Դովիլի հետ, որը նրան պարգևեց երկու երեխաներ՝ աղջիկ և տղա։ Ընտանիքը բնակություն հաստատեց Դուրդան քաղաքում, որտեղ, 1866թ-ին լույս տեսավ «Նապոլեոնի I-ին մամլուք Ռուստամի հուշերը» գիրքը, որն հետագայում դարձավ Նապոլեոնի կենսագիրների «այբբենարանը»։

Հետաքրքիր է, որ 1969թ-ին Կանադայում ԽՍՀՄ դեսպան Համազասպ Հարությունյանը Փարիզից պատմական աշխատություններ բերեց Երևան․ դրանց մեջ խոսվում էր այն մասին, որ Արցախում կար հատուկ ջոկատ, որը ծառայում էր Կորսիկացի գեներալ Բոնապարտին, և այդ ջոկատի հրամանատարն էր Ժան դե Շուշին (Հովհաննես Շուշեցի)։ Այդ ջոկատում ծառայել և ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգևների էին արժանացել մեզ հասած անուններից՝ Շուշեցի Պետրոսն ու ինքը՝ առևտրական Հովնանի որդին՝ Ռուստամը, կամ՝ Ռոստոմը․․․

Նապոլեոնի և Ռուստամի մտերիմ հարաբերությունների մասին վկայում էր դեռ ֆրանսիացի հայտնի գրող Ստենդալը։ Նրա մասին է գրել նաև Բալզակը իր «Կասկածելի գործ» վեպում՝ Ռուստամին անվանելով «հուսահատ մամլուք»։

Ֆրանսիական կայսեր Կորսիկացի գեներալ Նապոլեոն Բոնապարտի արցախցի մտերիմն ու թիկնապահը մահացավ 1845թ-ին՝ 62 տարեկանում, Դուրդանում։

Էդվարդ Մանվելյան