Ֆուտբոլային լեգենդ Դեյվիդ Բեքհեմը (50 տարեկան) փորձել է շտկել իր գլխի վրայի ճաղատ հատվածը, որն առաջացել էր կիրակի օրը՝ սեփական ուժերով կարճ սանրվածք անելուց հետո։
Բեքհեմը, ով հայտնի է իր սանրվածքների հաճախակի փոփոխություններով, տեսանելիորեն զայրացած էր այն բանից հետո, երբ մազ կտրող սարքով աշխատելիս քիչ էր մնում ինքն իրեն ճաղատացներ։
Դեյվիդը որոշել էր հրաժարվել իր սովորական կարճ սանրվածքից՝ հօգուտ սափրված տեսքի, որով նա հայտնի դարձավ դեռևս 2000 թվականին՝ իր ֆուտբոլային փառքի գագաթնակետին։ Սակայն մազերը կտրելու ընթացքում սարքի գլխիկը պոկվել է՝ նրա գլխի վերին մասում թողնելով ակնհայտ ճաղատ հատված։
Այժմ Դեյվիդը կիսվել է նոր սելֆիով, որում ցուցադրում է էլ ավելի կարճ սանրվածքը՝ փորձելով քողարկել սխալը։ Նա գրել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ: Լավագույնը, որ կարող եմ անել այս իրավիճակում։ @victoriabeckham դեռ սարսափելի՞ է»։
Ավելի վաղ չորս երեխաների հորը քիչ էր կարեկցել իր կինը՝ Վիկտորյան, ով, կարծես, վայելում էր ամուսնու անհաջողությունը՝ Instagram-ի իր հետևորդների հետ կիսվելով նրա անհարթ սանրվածքի տեսանյութով։
«Լավ տեսք չունի», – խոստովանում է Վիկտորյան, մինչ հուսահատված Բեքհեմը դժկամորեն ցույց է տալիս նրան ճաղատ հատվածը։ «Ես միշտ անկեղծ կլինեմ քեզ հետ՝ սարսափելի տեսք ունի»։ Սակայն այն բանից հետո, երբ Դեյվիդը ցույց տվեց իր նոր, ուղղված տեսքը, Վիկտորյան ավելացրեց. «Ինձ դուր է գալիս!!!»։
Հարկ է նշել, որ Բեքհեմը բազմիցս ընտրել է այս կարճ սանրվածքը՝ այն առաջին անգամ ներկայացնելուց ավելի քան 20 տարի անց։ Իր նախկին թիմակից Գարի Նևիլի հետ զրույցում ֆուտբոլիստը նույնիսկ խոստովանել է, որ սա իր սիրելի սանրվածքն է. «Ինձ միշտ դուր է եկել սափրված գլուխը, որովհետև դա հեշտ էր, և դրա հետ ոչինչ անել պետք չէր»։
Մայիսին իր 50-ամյակի նախօրեին Բեքհեմը նոր դրամահավաքի կոչ է արել՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքին՝ ուղղված աշխարհի խոցելի երեխաների պաշտպանությանը։ Ֆուտբոլիստը 20 տարի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է։