«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանը շատ հուսալի միջնորդ է։ Մենք կարծում ենք, որ այս փուլում Ադրբեջանի բոլոր հայտարարություններն ավելի շատ ներքին քաղաքական օգտագործման համար են»,- այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական հայտարարությանը, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
Ըստ նրա՝ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար։ Ա.Գասպարյանի խոսքով՝ խնդրի անկյունաքարը ԼՂ կարգավիճակն է, և, եթե դրա շուրջ կողմերը համաձայնության գան, այլ խոչընդոտներ չպետք է լինեն։ Ա.Գասպարյանը նշեց, որ խնդրի կարգավորման համար պետք է լինի փոխզիջում, առանց որի հնարավոր չէ. «Մենք հույս ունենք, որ բանակցությունները կշարունակվեն ՄԽ շրջանակներում»։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն ընդգծեց, որ ԼՂ կարգավիճակը պետք է լուծվի նաև ԼՂ մասնակցությամբ, և, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ Հայաստանը կարող է խոսել իր անունից, իսկ ԼՂ անունից պետք է խոսի ԼՂՀ-ն.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր իրականություն է, այնտեղ կան ղեկավարներ, որոնց ընտրել է ժողովուրդը, և հակամարտության կարգավորման ժամանակ բոլոր կողմերի դիրքորոշումը պետք է հաշվի առնվի։ 90-ականերին ԼՂ-ն բանակցությունների կողմ էր, և դա ամենաարդյունավետ ձևաչափն է, որ կողմերը կարող են արդյունքի հասնել։ Երբ ԼՂ-ն դադարեց կողմ լինել, իրական արդյունքներ բանակցային գործընթացում դժվար է տեսնել»։
Ա.Գասպարյանը նաև շեշտեց, որ ԼՂ-ում բնակվում են 200 հազար հայեր, որոնց անվտանգությունը շատ մեծ նշանակություն ունի. «Ցանկացած որոշում ընդունելիս այս գործոնը պարտադիր հաշվի է առնվում»։
Աղբյուրը՝ 168.am