Գլխավոր Քաղաքական Անվտանգության խորհրդի 6 երկրներ շնորհավորել են նոր իշխանություններին, իսկ սա չի կարող...

Անվտանգության խորհրդի 6 երկրներ շնորհավորել են նոր իշխանություններին, իսկ սա չի կարող դրական չազդել մեզ վրա. Արա Պապյան

6580
0

Աշխարհում բարձրացել է Հայաստանի հեղինակությունը, իսկ դրա արդյունքում կաճեն ներդրումները: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Վերջինս նշեց, որ դրա վառ ապացույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը խոսում է այն մասին, որ ինքը սպասում է համագործակցության:

«Սրանք սովորական բառեր չեն: Համագործակցություն՝ նշանակում է համատեղ ծրագրեր, ներդրումներ, աջակցություն՝ ֆինանսական տեսքով, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Եթե ԱՄՆ-ը մեզ աջակցի այդ պետություն այստեղից տարված փողերը հետ բերելու հարցով, դա մեծ բան կլինի»,- ասաց Պապյանը:

Նա նշեց, որ պատահական չեն նաև ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի շնորհավորանքում ասված խոսքերը:

«Մոգերինին ասում է՝ հրավիրում եմ ձեզ, սպասում եմ հանդիպման: Ակնհայտ է, չէ՞, որ ծրագրեր իրականացնելու հրավեր է, չի ասում՝ Նիկո՛լ, արի՛ սուրճ խմենք»,- նշեց Արա Պապյանը:

Քաղաքագետը շեշտեց՝  օրերի ընթացքում Անվտանգության խորհրդի 6 երկրներ շնորհավորել են նոր իշխանություններին, իսկ սա չի կարող դրական չազդել մեզ վրա:

«Երբ մարդը լավ անուն ունի, լավ համբավ ունի, հարգված է, բոլոր պարտավորություններն իրականացրել է, վստահում ես, բիզնես ես անում, բայց երբ այդպիսին չէ, կվստահե՞ս քո փողերը: Նույնը պետությունների պարագայում է: Շատ կարևոր է աշխարհին ցույց տալ, որ դեմոկրատիան ուղղակիորեն կապված է ժողովրդի բարեկեցության հետ: Ժողովուրդն ինչքան լավ է ապրում, այնքան ժողովրդավար է: Աշխարհը հայկական հեղափոխության օրինակը պետք է նմուշ սարքի մյուս երկրների համար՝ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի համար: Պետք է փող դնեն Հայաստանում, որ մեր ժողովուրդը տեղի ունեցածից հետո լավ ապրի, որպեսզի այդ երկրներին ցույց տան, որ դուք էլ անեք, դուք էլ լավ կապրեք»,- ասաց Ա. Պապյանը: