Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ «Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»,– գրել է նա։
Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:
Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը երեկ տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը և այլ հայտնիներ:
Հրաժեշտի արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով