Գլխավոր Քաղաքական Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է. ԿԸՀ

Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է. ԿԸՀ

1623
0

ինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն  իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն.

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»:

Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է հստակ ժամանակահատված, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված, և որի նկատմամբ կիրառելի են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26-ից և ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հենց սա է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները:

Ավելին, օրենսգիրքն ամրագրել է, որ նշված ժամկետի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Այսինքն, արգելված ժամանակահատվածի մասին կարող է խոսք լինել, բացառապես մեկ դեպքում, երբ նման ժամանակահատվածն իր հստակ սահմաններով ամրագրված կլինի ընտրական օրենսգրքով: ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է նախընտրական քարոզչության սկիզբն ու ավարտը, այդ ժամանակահատվածում գործող մի շարք կանոններ ու սահմանափակումներ, և չի սահմանել քարոզչության իրականացման համար արգելված ժամանակահատված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների համար, բացառությամբ քվեարկության նախորդ օրվա և քվեարկության օրվան վերաբերող սահմանափակումը: