Միշտ գայթակղություն է առաջ գալիս` քննադատելով նախկիններին` ինչ-որ արդյունքի հասնել, դա ճանապարհ չէ. խորհուրդ եմ տալիս վարչապետին՝ անցյալի հետ պետք է «բարիշել», անցյալի էջը պետք է փակել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նշենք, որ միջոցառմանը ներկա է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, հանցագործը պետք է բանտում լինի, բայց ճանապարհը սա է: Մեր տնտեսության տակ բազմաթիվ ռումբեր են այսօր դրված, որ ոլորտը մտնում ես, կոռուպցիոն այնպիսի ռիսկեր են, որ ես չեմ պատկերացնում: Մենք այսօր բախվել ենք միայն «Ամուլսարի» խնդրին, բայց վստահաբար ասում եմ՝ այդ ամբողջ ոլորտը կոռուպցիոն ռիսկային վտանգավոր հետևանք ունեցող հարաբերությունների վրա է կառուցված: Այս խնդիրը պետք է փակվի»,-նշեց Ասատրյանը:
Նա նաև նշեց, որ տնտեսությունը միայն սև ներկելով չէ, դրական տեղաշարժեր էլ են եղել, որոնք ևս պետք է գնահատել: