Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ պատմելով Ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին:
Նրանցից մեկի՝ Նարտուհի Ներսեսյանի մասին պատմելիս Սիմոնյանը նշել է, որ նախատատը դարձել է յաթաղաններով զինված մարդկանց կողմից իր ընտանիքի դաժան սպանության ականատեսը: Նարտուհու ավագ քույրը, ցանկանալով փրկվել բռնաբարությունից, ինքնասպան է եղել:
«Նա չգիտեր կարդալ, բայց սովորեցրել էր ինձ աղոթել, վախենալ Աստծուց ու չվախենալ մարդկանցից՝ բացառությամբ միայն նրանցից, որոնց ձեռքում յաթաղան կա: 1915թ. նրա աչքի առաջ յաթաղաններով գլխատել են ծնողներին, եղբայրներին և քույրերին: Ողջ են մնացել Նարտուհին, նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, որի պատվին ավելի ուշ կոչել են փոքր քրոջս: Նրանց հայրը մահից առաջ հասցրել է դուստրերից յուրաքանչյուրին մեկական ոսկյա մետաղադրամ տալ: Նախատատս այն թաքցրել է բերանում: Այնուհետև նրանց՝ սպիտակամաշկ և կապուտաչյա քույրերին, վերցրել են թուրքական ընտանիքները. փոքր, գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում: Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչև որ Նարտուհուն չեն գտել ողջ մնացած բարեկամներն ու օգնել են Ղրիմ փախչել»,-պատմել է Սիմոնյանը` հավելելով, որ այսպես իր հայրական կողմը հաստատվել է Ղրիմում: Մինչդեռ Ալիսայի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Սիմոնյանը մանրամասնել է, որ իր մյուս նախատատը Ցեղասպանության ժամանակ հինգ տարեկան է եղել:
«Երբ յաթաղաններով զինված մարդիկ եկել են նրանց տուն, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ ու հենել պատին: Աղջիկն այսպես կանգնել է ու լսել՝ ինչպես են սպանում իր հարազատներին: Իսկ ընտանիքներն այն ժամանակ շատ մեծ էին, ուստի նա շատ երկար է կանգնել, նրան այդպես էլ չեն նկատել: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»,-եզրափակել է լրագրողը: