Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան 30%-ով. Հայկ Մարությանի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի

Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան 30%-ով. Հայկ Մարությանի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի

947
0

Tert.am-ը գրում է.

Հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության այլ հարցերով Երևանի ավագանին մայիսի 8-ին արտահերթ նիստ կգումարի: Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ նախագծով նախատեսված է քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ:

Նշենք նաև, որ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

«Քաղաքապետարանի համակարգի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով: Սա նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերին ընդունված այս տարվա բյուջեով: Ուղղակի բյուջեով նախատեսված էր շուրջ 2 մլրդ դրամի պարգևավճարներ, բայց հընթացս որոշվել է պարգևավճարների ֆոնդի զգալի մասը փոխանցել աշխատավարձային ֆոնդին: Այսինքն՝ նախընտրվել է տալ ոչ թե ավելի շատ պարգևավճարներ, այլ բարձրացնել աշխատավարձերը»,- ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է դրույքաչափերին, թե ով կոնկրետ որքան է ստանում, ապա Կարապետյանը նշեց, որ քաղաքապետի, տեղակալների, վարչության պետերի, մնացած պաշտոնյաների դրույքաչափերը սահմանված են օրենսդրությամբ և ըստ գործակիցների են հաշվարկված:

«Այստեղ մի կարևոր դրույթ կա, որ մենք գործ ունենք այն բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ, որոնք նախկինում, բացի բուն աշխատավարձից, նաև այլ հավելյալ եկամուտներ են ստացել, և որոնք այս պահին չկան, միայն բյուջետային գումարներից են վարձատրվում»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ ասելով նախկինում ստացած հավելյալ եկամուտները չունեն, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Պարգևատրումներ, ֆոնդերից, հիմադրամներից ստացած վճարները նկատի ունեմ, ես օրինական վճարներից կարող եմ խոսել: Ես ենթադրյալ կոռուպցիոն բաների մասին չեմ խոսում, դրա մասին իրավապահները կխոսեն և պարբերաբար խոսում են»: