Գլխավոր Տնտեսական Մեզ համար առաջնահերթություն է բոլոր տնտեսական խաղացողների համար հավասար պայմանների ապահովումը. Նիկոլ...

Մեզ համար առաջնահերթություն է բոլոր տնտեսական խաղացողների համար հավասար պայմանների ապահովումը. Նիկոլ Փաշինյան

1779
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր,
հայաստանցի և օտարերկրացի դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
պետական այրեր,

ուրախ եմ համաժողովի կապակցությամբ, և ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-1996 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և կարծում եմ` շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում: Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ` Սևանա լիճը մեր նաև հիմնական և ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից: Բայց նաև այսօր պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը` առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանա ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը: Կարծում եմ` հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի` որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը:

Սա թվով արդեն չորրորդ մարզային համաժողովն է, այսպիսի համաժողովները մենք շատ կարևորում ենք: Շատ կարևորում ենք այն առումով, որ ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների մակարդակը և որակը փոխվել են: Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել: Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում և, դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ: Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են: Բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք` որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք` ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման: Այս կարգի միջոցառումները, համաժողովները իսկապես կարևոր են, որպեսզի մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել` ներդրումային և տնտեսական զարգացման:

Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանությունը, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին մեզ համար իսկապես առաջնահերթություն է: Սա մեզնից պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք:

Եվ, իհարկե, ուզում եմ ասել, որ կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և առանձնահատուկ նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը` ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլև օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը: Ես միշտ ասել եմ և էլի ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է. մարդ կա` լավ գիրք է գրում, մարդ կա` լավ երգ է գրում, մարդ կա` լավ շինարարություն է անում, մարդ կա` լավ քաղաքական գործունեություն է ծավալում, երրորդը մի ուրիշ շնորհք ունի: Ես ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում և Հայաստանից դուրս մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ: Ես համոզված եմ, որ նաև օտարերկրյա պետություններում ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, որոնք հետաքրքրված են պատմական Հայաստանով` նկատի ունեմ այն Հայաստանն իր բնաշխարհով, մարդկանցով և հետաքրքրված են նոր Հայաստանով, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են նոր Հայաստանում:

Եվ ես ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել: Մեկ տարի է արդեն անցել, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է` մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, ճիշտ ուղղությամբ ենք մտածում, և մեր մեծագույն խնդիրն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին, ներդրողներին քաջալերել, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նրանք գան Հայաստան, հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանը:

Այնպես որ սիրելի գործարարներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ ձեզ Գեղարքունիքի մարզում: Եկե’ք Հայաստան, եկե’ք Գեղարքունիքի մարզ, դրսևորե’ք ձեր ստեղծարար, գործարար տաղանդը, հարստացե’ք և հարստացրե’ք»:

Այնուհետև ցուցադրվել է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը, որին հաջորդել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի  մասնակցությամբ: Քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, ինչպես նաև այլ ճյուղերի զարգացման հեռանկարները:

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում հաջող իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերի գաղափարները:

Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:

                                                               ***
Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային-գործարար համաժողովները և տեղական արտադրանքի ցուցահանդեսները կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ մարզպետարանների համատեղ նախաձեռնությամբ: Դրանց նպատակն է՝ մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարների: Գեղարքունիքի մարզում անցկացվող համաժողովն այս տարվա 4-րդ մարզային ֆորումն է: Ընթացիկ տարում հանրապետության մյուս մարզերում կազմակերպվելու է մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը նվիրված ևս 6 համաժողով։