Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևանում է` «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում՝ մասնակցելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:
Հիմնադրամում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Լրագրողներին մինչ այս պահը չի հաջողվում խոսել երաժշտի հետ: Լրագրողներին պատասխաններ տվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում հրավերով էլ երգիչը եկել է Հայաստան:
Հարցին, թե արդյոք հնարավորություն կլինի Էլթոն Ջոնի հետ խոսելու, նախագահը պատասխանեց, որ երգիչը լրագրողների հետ խոսելու համար չի եկել Երևան, ավելի կարևոր առաքելություն ունի, եկել է՝ Հայաստանի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու:
Հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնը լսել է Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության մասին, նախագահը պատասխանեց. «Իհարկե»:
Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը մասնակցում է լսողական սարքեր արտադրող «Սթարկի» (Starkey) ընկերության միջոցառմանը:
Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էլթոն Ջոնը այս ընկերության ֆինանսավորողներից է: