Գլխավոր Քաղաքական Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին. Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերացնել դատարանների մուտքերի...

Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին. Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերացնել դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը

814
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նախ շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, ովքեր արձագանքելով իր կոչին՝ արգելափակեցին բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: «Այդ ակցիայի նպատակը արձանագրելն էր, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու պահանջ կա և ժողովուրդն ու կառավարությունը այդ հարցում միասնական են: Հիմա սկսվում է կոնկրետ գործողություն՝ դատական համակարգին ուղղված»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա միջոց է` ի ցույց դնելու հանրային վրդովմունքը, որը գոյություն ունի անարդար դատական համակարգի կապակցությամբ: Նրա խոսքով՝ բոլորս տեսնում ենք, որ ընդդեմ դատական համակարգի բողոքներ, տարերային պրոցեսներ են տեղի ունենում և կրկին կարևորեց, որ այդ հարցում ժողովուրդը և կառավարությունը չունեն հակասություն:

«Այսօր կառավարությունը միացավ ժողովրդի պահանջին»,-ասաց նա և նշեց, որ ակցիան ծառայեց իր նպատակին:

«Հիմա բոլորին ակնհայտ է, որ չի կարող Հայաստանում լինել դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից: Բոլորը տեսան, որ դատական գործերին ապօրինի միջամտությունն արժանանալու է խիստ հակազդեցության, որը լինելու է համաժողովրդական»,-ասաց նա և նշեց, որ այս ամենի նպատակը անկախ դատական համակարգ ունենալն է:

Նա ներողություն խնդրեց բոլոր նրանցից, որոնց դատական գործերը այսօրվա ակցիայի պատճառով հետաձգվել են: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ մարդիկ այսօր չեն մրսել, նաև կոչ արեց տաք թեյ խմել:

«Ես երաշխավորում եմ, որ քաղաքացու հաղթանակը անշրջելի է ՀՀ-ում, բայց երաշխավորում եմ ոչ թե ինքս ինձնով, այլ երաշխավորում եմ ձեր դուխը, ձեր կամքը տեսնելով»,-հավելեց նա և կոչ արեց ժամը 13:30 արգելափակումը վերացնել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ այսօր վաղ առավոտից ցուցարարներն արգելափակել էին ՀՀ դատարանների մուտքերն ու ելքերը:

Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի:Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ:)

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 20 мая 2019 г.