Ադրբեջանը հերթական «դարակազմիկ» պատմա-հնագիտական բացահայտումը կամ ավելի պարզ ասած՝ պատմական զեղծարարությունն է կատարել՝ կապված իր այսպես ասած՝ «քրիստոնեական վաղնջական ժառանգության հետ»։
Ամենևին զարմանալ պետք չէ, քանի որ Բաքուն ակտիվորեն քարոզչական աշխատանք է տանում բոլոր մակարդակներում առ այն, որ ադրբեջանցի ժողովուրդը քրիստոնեական ժառանգության կրող է ու այդպիսով սեփականաշնորհում է պատմական Աղվանքի եկեղեցու ժառանգությունը, այն ներկայացնելով որպես ադրբեջանա-քրիստոնեական ժառանգություն։
Այսպես, Ադրբեջանի հյուսիսային հատվածում գտնվող լեռնային Բալաքեն շրջանի Թյուլյու գյուղում հնագետները հայտնաբերել են վաղքրիստոնեական հուշարձան։
Այն 1-5-րդ դարերում գոյություն ունեցած Աղվանքի թագավորության ժամանակներում թվագրվող եկեղեցական համալիրի տարածքում պեղված արդեն 3-րդ շինարարական շերտն է։ Ըստ Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տվյալների, պեղված նորահայտ օբյեկտն ունի 15 մետր երկարություն և 10 մետր լայնություն։ Ծիսապաշտամունքային կառույցի մեծ մասը գտնվող է եկեղեցու տակ։ Այնտեղ հայտնաբերվել են 24 գերեզման, որտեղ հուղարկավորություն է իրականացվել քրիստոնեական ծիսակարգով։
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի քարակոփ, ապակե ու բրոնզե ամբողջական կամ մասամբ պահպանված աձարկաներ, որոնք պատկանում են տարբեր պատմական դարաշրջանների։ Այս մասին ադրբեջանական Trend.az-ի հետ զրույցում տեղեկացրել է արշավախմբի մասնակիցներից Նաթիգ Ալիշովը։ Հայտնի է նաև, որ մինչև 1936 թվականը այդ տարածքում եղել է ժամատուն, որն ունեցել է հատուկ ազդատախտակ։ Պետք է նշել, որ այստեղ խոսքը Աղվանից եկեղեցու մասին է, որը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու Աղվանից կամ ինչպես հայկական պատմական սկզբնաղբյուրներում է եղել ընդունված ասել՝ «Հայոց Արևելից կողմանց» թևը և հիմնադրվել է Հայ եկեղեցու առաջին պաշտոնական գահակալ՝ կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսի կողմից /նահատակվել է Ամարասի վանքում՝ 338 թվականին/։ Աղվանից եկեղեցին գոյություն է ունեցել մինչև 19-րդ դար և ներկայացել է որպես Գանձասարի Հայոց կաթողիկոսություն, քանի որ 13-րդ դարից Աղվանից կաթողիկոսների գահանիստը եղել է Արցախի Գանձասարի վանքը։ Վերջին կաթողիկոսը եղել է Եսայի Հասան-Ջալալյանը։
Հենց այս քրիստոնեական ժառանգությունն է փորձում յուրացնել Բաքուն, ադրբեջանցիներին կապելով պատմական Աղվանքի տեղաբնիկների հետ և ներկայանալով նաև որպես նրանց շառավիղներ։ Ի դեպ, այս թեզը առաջ տանող որոշ ադրբեջանցի պատմաբաններ այնքան հեռուն են գնացել, որ Բարդուղիմեոս առաքյալին համարում են ադրբեջանցիներին քրիստոնեություն քարոզած առաքյալ։
Ի միջի այլոց, ադրբեջանական «երևակայությունը» նաև հերիքում է հիմնավորելու համար, թե ինչպես են ժամանակակից ադրբեջանցիների «քրիստոնյա նախահայրերը» հետագայում դարձել մահմեդական և շարունակել իրենց գոյությունը արդեն որպես մահմեդական ժողովուրդ