Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:
Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Երեկ մենք հնարավորություն ունեցանք հանդիպել ոչ պաշտոնական ձևաչափով և քննարկել համագործակցության հարցեր, մտքեր փոխանակել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շուրջ, որն, իհարկե, նշանակալի իրադարձություն է: Հայաստանը շատ մեծ դեր է խաղում մեր Միությունում: Մենք երախտապարտ ենք Ձեզ` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանն աջակցելու համար:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր երկրի, ձեր ժողովրդի նկատմամբ, քաջատեղյակ ենք ձեր ժողովրդի պատմությանը, որը սերտորեն միահյուսվում է մեր ժողովրդի պատմությանը: Այդ իսկ պատճառով մենք շատ ընդհանրություններ ունենք:
Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար: Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը»:
Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, հարգելի պարոն նախագահ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի: Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար: Դուք իրավացի եք` մեր երկրների հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական, ջերմ, և Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ է ստեղծում` այդ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու համար: Իհարկե, տնտեսական կապերը զարգանում են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի:
Կցանկանայի նշել, որ մենք հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, և մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում: Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնություններն արվում են ի բարօրություն Ղազախստանի և նրա ժողովրդի: Մաղթում եմ ամենայն բարիք Ղազախստանի Հանրապետությանը և ղազախ ժողովրդին:
Իհարկե, մենք աշխատանքի մեծ դաշտ ունենք, և համաձայն եմ Ձեր առաջարկի հետ` հանձնարարել մեր նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում, և մենք համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում գործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: