Գլխավոր Լուրեր Երևան-Սևան ճանապարհի «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանները կվերականգնվեն

Երևան-Սևան ճանապարհի «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանները կվերականգնվեն

1010
0

Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող Դ. Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը կհատկացվի 9 մլն 144 հազար դրամ:

Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը նշեց, որ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» արձանը (1978 թ., ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ), և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը, որոնք տեղադրված են եղել Երևան-Սևան միջպետական ճանապարհին, բնակլիմայական պայմանների և հատկապես մշակութային վանդալիզմի արդյունքում խիստ վնասվել են: Տարիների ընթացքում արձանների արտաքին տեսքն ամբողջությամբ խաթարվել է, մետաղական հատվածները թալանվել են. վերջնական կորստից փրկելու համար երկու արձաններն էլ տեղափոխվել են հատուկ պահպանության տարածք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հանրապետությունում արձանների, հուշարձանների վերականգնումը. «Ես շատ կարևոր և սկզբունքային եմ համարում այս արձանների, հուշարձանների վերականգնումը: Ընդհանրապես, կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է լինեն և պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը Հայաստանի Հանրապետությունում: Ես, օրինակ, ամեն անգամ երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է: Մենք պետք է այն անպայման վերականգնենք»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև այն տարածքներում ոստիկանական պահակետ ունենալու հարցի կարևորությունը: «Այս նախագծերի շրջանակներում մենք անպայման պետք է նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակետ լինի, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այդ արձանը, եթե չեմ սխալվում, մի անգամ այս ընթացքում վերականգնվել է, և շատ արագ թալանվել է բոլորիս աչքի առաջ: Նախագծերի մեջ անպայման պետք է հաշվի առնել ոստիկանական պահակետի տեղադրումը տարածքում: Կարծում եմ, որ նաև կոնկրետ «Ճանապարհաշինարարներ» արձանն այն ստեղծագործություններից է, որը շատ մեծ զբոսաշրջային հետարքրքություն է ներկայացնում: Եվ, իսկապես, ՀՀ-ում եղած ստեղծարար կյանքի կարևորագույն սինվոլներից մեկն է, և պետք է այս աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և որակով»,-նշեց գործադիրի ղեկավարը: