ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» համագումարին՝ այն որակելով այսպես. «ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST»:
Իր գրառման մեջ Աշոտյանը, մասնավորապես, նշել է.
«Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։
Խրոնիկ միտինգային գործելաոճը առատորեն համեմվում է անբարտավանության, կիսագրագիտության եւ ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։
Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։
Տիկնայք եւ պարոնայք, խորը շունչ քաշեք և դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք և չեք էլ ունենա։ Եվ այդ խանդն ու նախանձը ուղղեք ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելուն։
Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ և սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին»։
Հիշեցնենք, որ համագումարին ՔՊ անդամները կոչ էին արել ՀՀԿ-ականներին մեղքերի թողություն անել:
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218475297251848