ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով աշխատակազմի անդամներին, նշեց, որ Ռուստամ Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:
«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես ՊԵԿ-ի նախագահի տեղակալ և այս ընթացում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով կազմակերպչական բարձր ընդունակություններ: Շատ կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Գիտեք, ոչ մի գաղտնիք չկա, այս առումով մենք գտնվում ենք շրջադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնութունն ունի կամք, որ Հայաստանում իսկապես լինի անկախ դատական համակարգ: Այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին իր կատարած աշխատանքի համար: Նա նշեց, որ Արտակ Զեյնալյանը Հայաստանում չէ և դա է պատճառը, որ այս հանդիպմանը ներկա չէ: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արտակ Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայեցնելու հնարավորություն կլինի:
«Ինձ համար շատ կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի, ես համոզված եմ, որ պարոն Բադասյանն ի վիճակի է նման մթնոլորտ ստեղծել, արդարադատության նախարարության համակարգին մոտիվացնել պոզիտիվ, կրեատիվ, ինովացիոն ոճի աշխատանքի: Ձեզ և նախարարության աշխատակիցներին հաջողություն եմ մաղթում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:
«Արտակ Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավական բարդ աշխատանք է սպասվում, ես վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել ձեր սպասելիքները: Էական է այս փուլում բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես, հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է և քննարկվում է, կազմել այնպես, որ հանրությունը հստակ ունենա ակնկալիքներ՝ յուրաքանչյուր գործողության, հստակ վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի մասով:Բոլոր մեր ռազմավարական փաստաթղթերը այսուհետ այնպես կկազմենք, որ հստակ լինի, թե երբ, ինչ է պատրաստ լինելու, որ ոլորտում ինչ խնդիր ունենք, ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումը»,-ասաց նա:
https://www.facebook.com/armenpress/videos/875218436163074/