Գլխավոր Քաղաքական ՀՀ վարչապետն Արցախում ներկայացրեց համահայկականության համար անհրաժեշտ կոնսենսուսները

ՀՀ վարչապետն Արցախում ներկայացրեց համահայկականության համար անհրաժեշտ կոնսենսուսները

59
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

Համահայկականության տրամաբանությունը իսկապես կարող է գոյություն ունենալ և արդյունավետ լինել, եթե հենվենք մի քանի առանցքային կոնսենսուսների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախ՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Նրա խոսքով, նրանք ովքեր դիտարկում են բռնությունը որպես հարց լուծելու միջոց, պետք է մերժվեն և պատմության աղբանոցը նետվեն: Վարչապետն ընդգծեց, որ այս համատեքստում կա մի բացառություն, խոսքը օրինական բռնության կիրառման մասին է՝ ուղղված հանցագործությունների կանխմանը և բացահայտմանը հանրության բնականոն կյանքի ապահովման համար:

«Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Այս առումով, վարչապետը կարևորեց Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում, ինչպես նաև ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման, լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր:

«Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Եվ նրանք, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, ապա կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ ՀՀ կառավարության ամենակոշտ հակազդեցությանը»,-ասաց նա

Վարչապետը համոզված է, որ Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից: Դրա դրսևորումները, հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, խոչընդոտների հարուցումը պետք է արմատախիլ արվի: Կոռուպցիոն գործողությունների արդյունքում, ըստ նրա, պետությանը հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

Վարչապետն ընդգծեց, որ իրավունքի, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցություններին տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ:

«Սիրելի հայրենակիցներ, մենք շատ արժանի մարդիկ ունենք, մեր ժողովուրդը արժանավոր զավակներ է տվել, անընդունելի է և չի կարելի հանդուրժել, երբ ծառայություն են մատուցում ժողովրդին և դրանով ուզում են արտոնյալ լինել»,-ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ ամենագլխավոր կոնսենսուսին: Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման  և անվտանգության  համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում:

«Այս սկզբունքը կարևոր եմ համարում ընդգծելը, ցույց տալու համար, որ անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ դավադրության համար: Դա բացառված է: Արցախի բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, հետևաբար այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել ժողովրդի ցանկություններն ու իղձերը: Չնայած Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, միևնույն է Արցախի, Հայաստանի անվտանգությունը, մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով, մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն»,-ասաց նա: