Գլխավոր Լուրեր Պարետատունը քննարկում է դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը

Պարետատունը քննարկում է դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը

1382
0

Պարետատունը քննարկում է փակ և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, սակայն այժմ ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները ամբողջությամբ բավարարում է ու դեռ կարող ենք արտահանել:

«Մենք ստիպված ենք և չենք կարող չերկարեցնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որևէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ վստահ չեն՝ այն սահմանափակումը, որ սահմանել էր պարետատունը, պատշաճ կերպով կիրառվել է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ թույլ տված սխալներից դասեր կքաղեն, ու սահմանած կանոնները ավելի խստորեն կպահպանվեն:

«Այս թեմայով քննարկում եմ ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ: Մենք ինչպես խոստացել էինք, ոչ մի տեղեկատվություն չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե որքանով են նպաստավոր դրանք կառավարության համար: Հիմա էլ կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչո՞ւ պետք է ուռճացնենք, անհասկանալի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 (ավելացել է ևս 1-ով) դեպք: