Գլխավոր Տնտեսական Հայաստանի բնակիչների համար գազի գինը նվազեցնելու ռեսուրսներ կան. Խոսրով Հարությունյան

Հայաստանի բնակիչների համար գազի գինը նվազեցնելու ռեսուրսներ կան. Խոսրով Հարությունյան

4960
0

Tert.am-ը գրում է.

Հայաստանի բնակիչների համար գազի գինը նվազեցնելու ռեսուրսներ կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե սպառողի համար գազի բարձր գինը հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում չէ, այն ենթակա է ներքին կարգավորման:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է ենթարկվի հայկական օրենսդրությանը՝ անկախ նրանից, թե մայր կառույցը օրենսդրական որ դաշտում է գործում, և այս տեսանկյունից սա իսկապես ներքին խնդիր է:

«Կարծում եմ, որ գազի գնի նվազեցման ռեսուրս կա, և ոչ միայն կորուստներն են ռեսուրս՝ իջեցման համար, այլ, օրինակ, նաև աշխատավարձերը:  Հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատավարձերը բավական բարձր են, և գազի գնի ինքնարժեքի մեջ աշխատավարձի տոկոսը բավական բարձր է:

Նրանց աշխատավարձերը պետք է հաշվարկվեն մեր երկրում մասնավոր սեկտորի համար ձևավորված միջին տարեկան աշխատավարձի դրույքաչափով»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորը նշեց, որ եթե Հայաստանում դիցուք միջին աշխատավարձը 240,000 դրամ է, ապա «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներն էլ պետք է ստանան համարժեք գումար, որը կվճարվի գազի գումարից, բայց եթե ընկերությունն ուզում է միջին աշխատավարձից ավելի վճարել, ապա դա չպետք է կատարվի «Գազպրոմի» շահույթի հաշվին:

«Ենթադրենք «Գազպրոմ Արմենիան» որոշի 3 միլիոնի աշխատավարձ տալ իր աշխատողներին, պատկերացնո՞ւմ եք, թե սակագինն ինչքան կբարձրանա: Մենք չենք կարող սակագինն այնքան բարձրացնել, որ ընկերությունը բավարարի իր աշխատողների սոցիալական բարեկեցությունը: Ես ինքս առաջարկում եմ որպես հաշվարկման հիմք ընդունել երկրում ձևավորված մասնավոր սեկտորի միջին աշխատավարձը»,- նշեց Հարությունյանը:

Մյուս ծախսերն էլ, ըստ նրա՝ ծառայողական մեքենաներ և այլն, պետք է լինեն նորմատիվի սահմաններում: Խոսրով Հարությունյանը նշեց, որ եթե «Գազպրոմ Արմենիան» ուզում է տարեկան 10 մեքենա փոխել, թող անի, բայց միայն թե իր եկամուտների, ոչ թե գազի սպառման հաշվին:

Նա շեշտեց, որ հարցն իսկապես լուծման կարիք ունի, որովհետև «Ռուսաստանի խորքերից երբ գազը հասնում է Հայաստանի սահման, ավելի էժան է նստում, քան՝ սահմանից բնակչին»:

«Մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որն ընդունում է նրանց ծախսերը, սահմանում է սակագինը: Հիմա «Գազպրոմ Արմենիա»-ի դուրը գալիս է, չի գալիս, ինձ քիչ է հետաքրքրում: ՀԾԿՀ-ն որոշում պետք է կայացնի, որի որոշումը ենթակա է կատարման: Սա չի նշանակում, որ մենք պետք է ընկերությանը դնենք ծանր տնտեսական կացության մեջ, ոչ, խոսքը ողջամիտ ծախսերի սահմանման մասին է»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորն ասաց, որ այս հարցերը ժամանակին բարձրաձայնվել են Ազգային ժողովում ստեղծված «գազի հարցերով» ժամանակավոր հանձնաժողովում, և խնդիր կար ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կլուծեին այս հարցերը:

«Ենթադրենք՝ «ԳազպրոմԱրմենիա»-ի աշխատավարձերի նվազեցման հարցը չի կարող լինել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությունը. այդ հարցը պետք է օրենքով ամրագրվի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում։