Գլխավոր Քաղաքական Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են,...

Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու․ Ն․ Զոհրաբյան

2627
0

Tert.am-ը գրում է․

Tert.am -ի հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ չի ընդունում «12» -ի ֆորմատը, քանի որ Հայկ Մարությանը չէ, որ պետք է օրակարգ թելադրի։ Նա անդրադարձավ նաև կանխատեսումներին, որ իրեն լռեցնելու են՝ ասելով՝ «Նառա, դու սուս»:

Նա միանալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի այն հայտարարությանը, որ նման հարաբերությունների պայմաններում դեռ հարց է՝ կպաշտպանե՞ն իրենք ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելը, հայտարարեց, որ իրենք ևս կմտածեն այդ մասին։

-Տիկի՛ն Զոհրաբյան, ի պատասխան Ձեր՝ առանց Նիկոլ Փաշինյանի բանավեճի գալու հրավերին, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց, որ կգա՝ պայմանով, որ եթե գան բոլոր 11 թեկածուները։ Ձեզ համար ընդունելի՞ է այս ձևաչափով բանավեճը, և, առհասարակ, բանակցե՞լ եք այդ հարցի շուրջ։

-Չեմ կարծում, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, կամ իսրայել-պաղեստինյան կոնֆլիկտը, որ ես Հայկ Մարությանի հետ բանակցություն վարեմ, և, առհասարակ, թող մեծամիտ չհնչի, բայց իմ մրցակիցը բացարձակապես Հայկ Մարությանը չէ։ Նորից եմ կրկնում՝ կա միայն Նիկոլ Փաշինյան, և Նիկոլ Փաշինյանից հետո այդ քաղաքական ուժում երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հարյուրերորդ որևէ մեկը չկա։ Եվ, ի վերջո, մեր երկիրն այսօր լուրջ տնտեսական խնդիրներ ունի, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ, և ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, ես Ձեզ վստահեցնում եմ՝ շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու նաև ԵՄ-ի հետ որոշ հարաբերությունների առումով, որ չեմ պատկերացնում, թե մեր հարգարժան վարչապետն ինչպես կարող է աշխատել միաժամանակ՝ և՛ վարչապետ, և՛ որոշ նախարարների փոխարեն՝ նախարար, և՛, եթե, այդուհանդերձ, երևանցին էյֆորիաների, հեղափոխական ազդեցության տակ քվեն տա մեկ թեկնածուի, նաև՝ քաղաքապետ։ Նաև՝ ընդդիմություն։ Անկեղծ ասած՝ որևէ կերպ նման բազմաֆունկցիոնալ վարչապետ դժվարանում եմ պատկերացնել։

Երկրորդ․Հայկ Մարությանը չէ, որ պետք է ձևավորի օրակարգ և ֆորմատ։ Մեծագույն հարգանք ունեմ քաղաքապետի բոլոր մնացած թեկնածուների հանդեպ։ Ի դեպ, նաև Հայկ Մարությանի հանդեպ, որը կարող էր զբաղվել իր մասնագիտությամբ, չնայած, և սա ասում եմ նաև որպես կինոգետ, այն, ինչ նա ներկայացնում է որպես կինո, ֆիլմ, մշակույթ, դա ֆիլմ կինո և մշակույթ չէ։ Եվ երբ հայտարարվում է, թե մարդն իր բազմաթիվ տներից մեկը, այդ թվում՝ Հյուսիսային պողոտայում, գրավադրել է ֆիլմ նկարելու համար, ապա խորհուրդ կտամ ֆիլմ բառն օգտագործել շատ զգույշ։ Եվ կրկնում եմ, որ սա ասում եմ որպես մասնագիտությամբ կինոգետ․ այս «Սուպեր մամա»-ները ֆիլմ չեն, դա սերնդապղծություն է։ Եվ այստեղ զարմանում եմ, որ համապատասխան հանձնաժողովները, որ, իբր, պետք է հսկեն եթերի մաքրությունը, ուղղակիորեն կատարյալ անգործության մեջ են։

-Ի՞նչ պետք է անեին Հայկի ֆիլմերի հետ։

-Ուրեմն, նման ֆիլմեր չպետք է եթեր հեռարձակվեին, որովհետև դրանք ուղղակի վատ ճաշակի և երեխաների մոտ վատ գեղագիտական ճաշակ ձևավորելու կլասիկ միջոց են։ Ինչ վերաբերում է բանավեճին․ինձ համար միանշանակ էր, որ ինքը մերժելու էր ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու առաջարկը։ Սա հասկանալի է, ես իրեն չեմ մեղադրում, որովհետև շատ պարզ ու շատ կանխատեսելի էր լինելու այդ բանավեճի արդյունքն ու հետևանքը։ Ինչո՞ւ եմ հրաժարվում և հայտարարում, որ հրաժարվում եմ «12»-ի ֆորմատով բանավեճից։ Հրաժարվում եմ, որովհետև դա չի կարող լինել բանավեճ։ Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, որ անգամ տեխնիկապես, չեմ պատկերացնում, թե 12 հոգով ինչի մասին պիտի խոսենք։ Եթե մեզ պետք է տրվի 5-րոպեական ժամանակ՝ մեր ծրագիրը ներկայացնելու համար,ապա կարծում եմ, որ շատ ավելի հարմարավետ ու ճկուն ֆորմատներ կան մեր ծրագրերը ներկայացնելու համար, ինչը մեզնից յուրաքանչյուրն անում է ամեն օր։

-Մյուս կողմից, ինչո՞ւ էիք բանավեճի հրավիրում հենց Հայկ Մարությանին, եթե, ինչպես նշեցիք, իրեն չեք համարում Ձեր մրցակիցը։ Ստացվում է, որ իրեն եք համարում ֆավորիտ։

-Ինչու՞ եմ ուզում իր հետ բանավիճել, որովհետև նա թեկնածուներից միակն է, որ քվե շահելու է ոչ թե իր անձով ու ծրագրերով, այլ բացառապես և միայն՝ Նիկոլ Փաշինյանի անձով։ Նա թեկնածուներից միակն է, ով հայտարարել է երկիրը տարիներ շարունակ կործանման տարած, ամենավտանգավոր կարգախոսը՝ «մեր դեմ խաղ չկա»:

Նա թեկնածուներից միակն է, որ մեր հանրությանը բաժանել է «սևերի և սպիտակների»: Եվ ես ունեմ իրեն ուղղելիք հարցեր, քաղաքապետի մնացած թեկնածուները շատ պարկեշտ, շատ կիրթ քարոզարշավ են տանում, իրենցից որևե մեկին ուղղված հարց չունեմ, և նա թեկնածուներից միակն է, որի քաղաքական ուժը, ասելիք չունենալով երևանցիներին, քարոզարշավը համառորեն և հետևողականորեն տեղափոխեց քաղաքական դաշտ։

-Անդրադառնանք քարոզչական տեխնոլոգիաներին. երեկ Ձեր կուսակից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Դուք դիմել եք Հայաստանում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին՝ Ձեր հանդեպ սոցիալական ցանցերում իրականացվող հակաքարոզչության վերաբերյալ։ Եվ ոչ միայն, դիմել եք եվրոպական այլ կառույցների ևս, կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը։

-Խոսքը շատ պարզ բանի մասին է, ողջ պետական ինստիտուտները, պետական մակարդակով այսօր լծված են իմ դեմ հայտարարված տեռորին։ Բոլոր գրառումները փաստական կան․ նախարարությունների՝ Սփյուռքի և այլն, աշխատակիցների սոցիալական էջերում արված գրառումները։ Ի դեպ, նաև կանանց գրառումները, որ ոչ միայն ամենագռեհիկ տղամարդկային հայհոյանքներ են պարունակում, այլ շատ հաճախ նաև կոպիտ տառասխալներով են։ Եվ այս առումով՝ դիմում եմ նաև այս գերատեսչությունների ղեկավարներին․ ես հասկանում եմ, որ շատերդ ինտելեկտի, գրագիտության ու տառաճանաչության հետ կապված լրջագույն խնդիրներ ունեք, այդուհանդերձ, զբաղվե՛ք ինքնակրթությամբ, ռեպետիտորներ վարձե՛ք։ Զուգահեռաբար, մի քանի ռեպետիտոր էլ վարձեք ձեր ղեկավարության տակ աշխատող աշխատակիցների համար, ովքեր աշխատանքային ժամին, փոխանակ զբաղվեն ձեր նախարարության խնդիրներով, զբաղված են սոցիալական ցանցերում հայհոյելով։ Վարձեք, որ այդքան տգետ ու անգրագետ չլինեն։ Իրենք շարունակում են հանրապետականների տխրահռչակ քաղաքականությունը. «մեր դեմ խաղ չկա, մենք ամեն տեղ պետք է լինենք մեծամասնություն»։ Եվ սրանց ֆեյքային պատերազմը համակարգում է ղարաբաղյան ծագումով Աշոտ անունով մեկը, որն, ի դեպ, ժամանակին ստրկորեն ծառայում էր Սերժ Սարգսյանին։

Ինչևէ, վերադառնալով Ձեր հարցին․ իրենք մոռանում են, որ, այո՛, ես Երևանի քաղաքապետի թեկնածու լինելուց բացի, նաև ԱԺ եվրոպական ինետգրման հանձնաժողովի նախագահն եմ, եվրոպական կառույցներում բավականին սերտ կապեր ու ազդեցություն ունեցող քաղաքական գործիչ, և, բոլորին խոստանում եմ՝ թեժ է լինելու։ Կրկնում եմ՝ պետական մակարդակով կազմակերպված տեռորը, որ սկսվել է իմ հանդեպ, ուղղորդված է պետական մակարդակով ու իրականացվում է պետական ռեսուրսներով։ 1000-ից ավելի ֆեյքերի ցանկը մեր ձեռքին է։ Ի դեպ, այնքան պրոֆեսիոնալ չեն, որ մի քանի տասնյակ ֆեյքեր ալարել են անգամ նկարները փոխել․ նույն նկարներով են՝ տարբեր մարդկանց անուններով, ժպտացող երեխաների նկարներով, հասուն մարդկանց գրառումներով և հայհոյանքներով։ Այս ամենը այլևս ներկայացված է միջազգային կառույցներին։ Ի դեպ, առաջիկա օրերին հանդիպելու եմ նաև Եվրոպական Միության՝ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ և, խոստանում եմ՝ շատ թեժ է լինելու։

-Ասում եք՝ ֆեյքային պատերազմը համակարգում է ոմն Աշոտ, օրերս Դուք էլի նման բացահայտումներ էիք արել, բայց «Իմ քայլ»-ից Ձեզ պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը Հակոբ անունով ազգական չունի և այլ պարզաբանումներ ևս եղան:

-Չի կարելի այդքան պրիմիտիվ և այդքան մանկամիտ լինել։ Ես որևէ անուն չեմ հնչեցրել, և երբ ինչ-որ սոցիալական ցանցերից ինչ-որ տարատեսակ պերսոնաժներ սկսում են պատիվ պահանջել․․․ գիտեք՝ ամենավտանգավոր բանը մարտնչող տգետներն ու կիսագրագետներն են։ Նորից եմ ասում՝ ես անուն չեմ հնչեցրել, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանի բոլոր մերձավորները՝ բարեկամ, սանիկ, քեռու տղա, բազմաթիվ մերձավորներ ներառված են «Իմ քայլ»-ի ցուցակում, և պնդում եմ իմ հայտարարությունը։ Հորդորում եմ բոլորին՝ ևս մեկ անգամ նայել իմ ելույթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք աղբյուր կայքում:

Նոր տեսանյութ.