Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունն է հրավիրել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձի վրա: Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիմա շատ հետաքրքիր կլիներ լսել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի տեսակետը սեռականություն կետ օրգ կայքի հիմնադիրների կողմից Խնկո Ապոր գրադարանում 3-6 տարեկան երեխաներին ուղղված սեռական գիտելիքների գրքի շնորհանդեսին:
Տիկին Զոհրաբյան, տեսնենք՝ այդքան «դուխ» կունենաք այս հարցին պատշաճ արձագանքելու: Թե մեր երկրում պաշտպանվում են միայն յուբկով տղամարդկանց իրավունքները»:
Այա գրառումից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է.
«Փաստորեն, Նարեկ Մալյանը որոշել է կասկածել իմ «դուխին» և սկզբունքայնությանը և ահա թե ինչ գրառում է արել իր էջում, որին հիմա կպատասխանեմ:
Կարծում եմ, այս տարիների ընթացքում ես որևէ մեկին առիթ չեմ տվել կասկածելու հատկապես իմ սկզբունքայնության եւ «դուխի»վրա:
Այո, պարոն Մալյան, երեկվանից ես բազմաթիվ ծնողներից և նաև «Կամք» հասարակական կազմակերպությունից ահազանգ եմ ստացել, որ «Բուկինիստ» գրախանությում ձեր նշած գրքի շնորհանդեսն է: Գիրքը ես չեմ տեսել և այն ինձ մոտ կլինի վաղը:
Հասկանում եք, որ առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու, այս պահին իմ կողմից որևէ հայտարարություն անելը անլուրջ կլիներ:
Ավելին, ես պատրաստ եմ Մարդու իրավունքների մեր հանձնաժողովի անդամների հետ քննարկել և հանձնաժողով հրավիրել թե՛ գրքի հեղինակներին, թե՛ նրանց օպոնենտներին, ու նաև ծնողներին, եթե, իհարկե, այդ քննարկումը ճակատամարտի չի վերածվի:
Դուք վստահաբար արդեն հասկացել եք, որ ձեր նշած հարցի և ընդհանրապես՝ շատ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հանձնաժողովում կարծիքները խիստ տարբեր են:
Ինչ վերաբերվում է ինձ, ապա գոնե դուք լավ գիտեք, որ չկա աշխարհում որևէ պաշտոն կամ մանդատ, հանուն որի ես դառնամ մանկուրտ:
Լսեք էլ՝ չհավատաք: Եվ որ «դուխիս» վրա չկասկածեք՝ իմ էջում դնում եմ նաև ձեր գրառումը»։
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ ակտիվիստներ տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ, մանուկների շրջանում այլասերում է տարածում: