ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հորդորում է առայժմ զերծ մնալ Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ճանապարհներով երթևեկելուց:
ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 12-ի ժամը 16:00-ի դրությամբ Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաներ չկան: «Այս պահի դրությամբ Սիսիան և Գորիս քաղաքներին մոտ հատվածներում առկա են ավտոմեքենաների կուտակումներ՝ յուրաքանչյուրում մոտ 150 ավտոմեքենա, իսկ Սոթք-Քարվաճառ հատվածում՝ մոտ 100 ավտոմեքենա:
Ճանապարհների փակ հատվածներում տեղի ճանապարհաշինական կազմակերպությունները իրականացնում են ավտոճանապարհների մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: