Tert.am-ը գրում է․
Ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա պայմանավորված է հանրային ոլորտի պասիվ վիճակով, քանի որ հանրային ոլորտի սրահների ճնշող մեծամասնությունը չեն գործում: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը:
«Առևտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ նաև դրական առումով, շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին արձանագրվել է 40-45 տոկոսանոց աճ, բայց օրինակ մարտի 16-ին տպվել է շուրջ 1, 3 միլիոն ՀԴՄ, մարտի 12-ին շուրջ՝ 1,5 միլիոն ՀԴՄ, էական փոփոխություններ այս պահին չեն արձանագրվել, կարծում եմ, որ էական փոփոխություններն առջևում են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարկային վարչարարությանը, ապա Դավիթ Անանյանն ասաց, որ հարկային վարչարարությունն իրականացվում է նույն ծավալով, նույն խստությամբ: «Բնականաբար այս առումով թիրախավորված են խոշորները, մանր ու միջին բիզնեսի նկատմամբ վերահսկողություն կա, բայց վերլուծական գործիքակազմով ենք իրականացնում մեր վարչարարությունը, քան փաստացի այցելություններով»,-ասաց նա:
Հարցին, թե մեկ ամսվա ընթացքում հարկային պարտավորությունները չկատարող տնտեսվարողների համար ՊԵԿ-ն ի՞նչ քաղաքականություն է մշակել, Անանյանն ասաց ասաց, որ ՊԵԿ-ը քաղաքականություն չի մշակում, այլ իրականացնում է հաստատված քաղաքականությունը: «ՊԵԿ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքին համապատասխան, առանց որևէ հայեցողականություն ցուցաբերելու»,-ասաց նա: