Գլխավոր Դեսից-դենից 10 բան, որ հասուն կինը չի անի հանուն սիրո

10 բան, որ հասուն կինը չի անի հանուն սիրո

7309
0

Դասական գրականության մեջ սերը հաճախ ներկայացվում է՝ որպես զոհողություն: Սկսած «Ռոմեո և Ջուլիետից» և վերջացրած «Վարպետը և Մարգարիտայով», սիրահարները հանուն միմյանց անցնում են տարբեր տառապանքների և զրկանքների միջով, կարճ ժամանակ միասին են լինում, ապա բաժանվում են կամ, ընդհանրապես, մեռնում: Սերը հեշտ չի տրվում, նրա համար պետք է տառապել, սպասել և դիմանալ:

Հավանաբար պատանեկության տարիներին ես շատ գրքեր եմ կարդացել ծանր, զոհողություն պահանջող սիրո մասին: Այդ պատճառով էլ երկար ժամանակ իմ սերը հենց այդպիսին էր՝ դրամաներով, արցունքներով ու բաժանումներով լեցուն: Թվում էր, թե եթե դրանք չկան, ուրեմն սեր էլ չկա, այլ անլուրջ հրապուրանքներ են: Բարեբախտաբար, ես մեծացա կամ հոգնեցի տառապելուց: Այժմ սերն ինձ համար լուռ ուրախություն է: Եվ ոչ մի զոհողություն:

Ես գրեթե 42 տարեկան եմ, ժամանակ առ ժամանակ ինձ դուր է գալիս ցինիկ լինել, ասել, որ ես չեմ հավատում ռոմանտիկային, սիրուն ու հավերժ երջանկությանը: Տղամարդկանց հետ ես առավելագույնս պարզ եմ. Առանց տատանվելու՝ նրանց հայտնում եմ, թե ինչն է ինձ դուր գալիս, ինչը՝ ոչ, և ինչ ցանկություններ ունեմ: Գրողի ծոցն եմ ուղարկում՝ նույնպես առանց երկար մտածելու: Պարբերաբար ինքս ինձ ստուգում եմ. Մի՞թե իմ սիրտը քարացել է, իսկ հոգիս՝ կծկվել: Չէ՞ որ նախկինում ես կարող էի օրերով սպասել ինչ-որ հաղորդագրության, աշխարհի ծայրը գնալ, միայն թե նա կանչեր, առանց մտածելու գնում էի թանկ նվերներ՝ նրա համար ինչ-որ հաճելի բան անելու համար, նախաճաշեր ու ճաշեր էի պատրաստում սիրածս տղամարդու նախընտրությամբ, ընկերուհիներիս կյանքն էի ուտում մեր հարաբերությունների վերլուծությամբ, և այլն:

Բնականաբար, այդ «ՆԱ»-ի տակ տարբեր տղամարդիկ էին թաքնված: Ինչ-որ մեկին ես սիրում էի, մյուսի հետ՝ ապրում, երրորդին պարզապես սիրահարված էի, հաջորդով՝ հմայված, ընդ որում, միակողմանի: Բայց նրանց բոլորի համար էլ ես շատ բանի էի պատրաստ, հանուն սիրո էի պատրաստ սարեր շուռ տալ: Եվ եթե այժմ այդ պատրաստակամությունն անցել է, արդյո՞ք դա նշանակում է, որ սիրելու ունակությունը նույնպես անցել է:

Պատանեկության տարիներին մենք ինքնամոռաց փնտրում ենք մեզ, 18-25 տարեկանում մենք մեզնից ներկայացնում ենք անմշակ «ոչինչ»: Ինչպես հասկանալ, թե քեզ ինչ է դուր գալիս, որտեղ են քո սահմանները, և ով ես դու ընդհանրապես: Այդ պատճառով էլ պատանեկության տարիներին մենք պատրաստակամորեն նետվում ենք զանազան փորձությունների գիրկը, փորձեր ենք անում մեր արտաքինի, մասնագիտության, հետ, սեքսի և սիրո հետ:

25-ից հետո որոշ ուրվագիծ մենք արդեն ունենում ենք: Արդեն ստացել ենք կրթություն, ունենք մասնագիտական փորձ, սեքսի և սիրո մեջ փորձառություն ենք ձեռք բերել: Ավելի որոշակիացրել ենք մեր նպատակները և այլևս այդքան անզուսպ չենք: Շատերն արդեն ամուսնացել և երեխաներ ունեն, կամ գոնե լուրջ հարաբերություններ են ստեղծել և ամուսնության նախաշեմին են: Մենք արդեն որոշ բաներ հասկանում ենք կյանքի մասին, բայց ինքներս մեզնից դեռ այնքան էլ գլուխ չենք հանում: Մեր ցանկությունները խառնում ենք հասարակության ցանկությունների հետ, սերն էլ փոխարինում ենք զոհողությամբ: Մեզ թվում է, որ տղամարդուն պետք է շահել, այլապես նա կնեղանա և կհեռանա:

Հասունությունն ինձ համար ինքդ քեզ հետ իրական հանդիպման տարիքն է: «Ինչ-որ մեկի համար» ապրված «կույր» պատանեկությունից, երիտասարդությունից հետո մենք սկսում ենք ապրել մեզ համար ու հանուն մեզ: Դա չի նշանակում, որ մեզ ոչ ոք պետք չէ: Մենք դարձել ենք ավելի հաջողակ, եսասեր և ինքնաբավ միայնակներ: Ոչ, մենք այնպես, ինչպես 20 տարեկանում՝ սեր ենք ուզում, ջերմություն, հարաբերություններ: Պարզապես մենք հասկանում ենք, որ առողջ հարաբերություններում դրանք փոխադարձ են լինում: Տղամարդը կամ այդ ամեն ինչն ուզում է, կամ երկար չի մնում մեր կյանքում: Ինչպես ասում էր Օմար Խայամը. «Ինձ պետք չէ նա, ում ես պետք չեմ»:

Այդ պատճառով էլ ես այլևս…

1. Չեմ սպասում տղամարդու զանգերին և հաղորդագրություններին: Ես կամ ինքս եմ գրում կամ ջնջում եմ նրանց համարները, ովքեր ժամանակ չեն գտնում կարճ «կներես, այսօր զբաղված եմ, հենց ազատվեմ՝ կզանգեմ» պատասխանի համար:

2. Չեմ գնում ժամադրությունների, եթե դրանց տեղն ու ժամն ինձ հարմար չեն: Որպեսզի հանդիպումը հաճելի լինի, այն պետք է հարմար լինի երկուսին էլ: Եթե տղամարդը չի հետաքրքրվում, թե արդյո՞ք հարմար են կնոջն իր նշած ժամն ու վայրը, կամ հանդիպման հետ կապված այլ դետալներ, նա, կարելի է ասել, այդ կնոջով առանձնապես հետաքրքրված չէ: եվ այդպիսի տղամարդ ինձ պետք չէ:

3. Չեմ ներում իմ ծննդյան օրը կամ այլ կարևոր օրերին նվերների բացակայությունը: Ինձ դուր են գալիս տղամարդիկ, որոնք սիրում են իրենց դուր եկած կնոջ, այսինքն՝ ինձ վրա փող ծախսել: Ֆինանսների մեջ ժլատ մարդիկ սովորաբար ժլատ են լինում ամեն ինչում: Սիրելիի համար կարևոր օրերի նկատմամբ անուշադիր մարդն անուշադիր է նրա նկատմամբ ամբողջությամբ ըստ էության: Նրանց, ում սիրահարված ենք, մենք սիրում ենք երես տալ և ուրախացնել: Ինչը կարևոր է նրանց համար, կարևոր է և մեզ համար: Եթե կարևոր չէ, կամ ափսոս է, կամ էլ մոռացել ես, կարող ես մոռանալ և իմ հեռախոսահամարը:

4. Չեմ փնտրում արդարացում տղամարդու անբարեկեցության և անհաջողակ լինելու համար: Դա չի նշանակում, որ տղամարդուց ինձ միայն փող է պետք, բայց «սիրելիի հետ դրախտ է նաև խրճիթումը» վստահաբար հասուն կնոջ կյանքի պատմություններից չէ: 40-ն անց կինը հարմարավետ կյանք է ուզում:

5. Չեմ լռում այն մասին, ինչն ինձ դուր չի գալիս: Իհարկե, ես տղամարդու կյանքը չեմ ուտում՝ անվերջ բզբզելով: Բայց բաներ կան, որոնց մասին այլ մարդը չի կարող գլխի ընկնել պարզապես այն պատճառով, որ այլ մարդ է: Եթե ես մեծ արագություն չեմ սիրում, այն ինձ վախեցնում է, ապա ես չեմ լռում կամ հիացական արտահայտություններ անում, երբ տղամարդն ավտոմեքենա վարելիս սլանում է ասենք 120 կմժ արագությամբ, այլ հանգիստ ասում եմ, որ այդքան արագ չվարի:

6. Չեմ վախենում ցանկացած հարց տալուց: Պատրաստ եմ նաև ցանկացած պատասխան տալ: Երիտասարդ տարիներին մենք վախենում ենք պարզաբանել անհասկանալին, քանի որ չենք ուզում վիրավորել տղամարդուն կամ լարվածություն մտցնել հարաբերությունների մեջ: Բայց հենց այդ անորոշությունն էլ հետագայում խնդիրներ է ստեղծում և վիրավորում մեզ:

7. Չեմ արդուկում տղամարդու վերնաշապիկները: Ես չեմ սիրում արդուկ անել: Ստիպված եմ արդուկում իմ վերնաշապիկները, ուր մնաց թե՝ նրանն արդուկեմ: Հիմա ես էլ չեմ անում մի բան, որն ինձ համար դժվար է: Եթե նա ինձ սիրում է, իր վերնաշապիկն ինքը կարդուկի:

8. Սեքսը սիրո տեղ չեմ ընդունում: Սեքսը կարող է կապ ունենալ սիրո հետ, կարող է և չունենալ: Սերն ինձ համար միասին առավոտյան լռելն է, քանի որ ես առավոտյան խոսել չեմ սիրում, նրա հիշելն է, թե քանի գդալ շաքարով եմ սուրճը խմում, սեզոնային թարմ ծաղիկներ նվիրելն ու լուռումունջ կոտրված ծորակը սարքելն է… Եթե այդ ամենը չկա, այլ միայն սեքս կա, նշանակում է՝ մենք պարզապես գործողությամբ ենք զբաղված:

9. Չեմ խանդում տղամարդուս ընկերների կամ աշխատանքի հանդեպ: Կամ նախորդ հարաբերություններում ծնված երեխաների հանդեպ: Եթե տղամարդն ինձ սիրում է, ժամանակ գտնում է ինձ համար, ներառում իր խորհրդակցությունների, այցերի, գործուղումների, ընկերների հետ ֆուտբոլ կամ որդու հետ ձկնորսության գնալու խիստ գրաֆիկի մեջ: Ես ինքս էլ եմ ապրում հագեցած կյանքով: Եթե մենք երկուսս էլ ժամանակ գտնում ենք միմյանց համար, ուրեմն ամեն ինչ կարգին է, մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք, իսկ եթե դրանց համար ժամանակ միայն ես եմ գտնում, իսկ տղամարդն անընդհատ զբաղված է, նշանակում է, որ ժամանակն է մեկ ուրիշին գտնել:

10. Չեմ աշխատում տղամարդու համար ավելի լավ տեսք ունենալ: Ընդհակառակը, ծանոթանալիս ես կարող եմ անգամ ավելի վատը, կոպիտ, ցինիկ ու ուղղամիտ լինել: Չեմ ամաչում պատմել իմ խնդիրների կամ բարդությունների մասին: Ում պետք է, միշտ էլ ավելի խորքը և հեռուն կնայի, իսկ ում պետք չէ, կանցնի կողքով:

Ես գրեթե 42 տարեկան եմ, և ես բամբուկի պես ուղիղ, պինդ, ճկուն ու քմահաճ չեմ: Ինձ դժվար է կոտրել, ծռել կամ ծալել: Ես կոփվել եմ: Բայց ես առաջվա պես ուզում եմ սիրել: Պարզապես պատրաստ չեմ սիրո համար զոհողությունների գնալ: Սերը ստեղծագործություն է, այլ ոչ՝ զոհողություններ ու քայքայում: Եկեք արարենք և ստեղծագործենք: