Sputnik Արմենիան գրում է.
Մնացական Հաջաթյանը խորհրդային ավտոմեքենաների մասերից ուղղաթիռ է սարքել, որը կարող է պետքական լինել մի շարք ոլորտներում։ 10 անգամ ավելի մատչելի գնով կառուցվող ուղղաթիռով հնարավոր կլինի վիրավոր տեղափոխել, հրդեհներ մարել։
Արթիկցի 51–ամյա Մնացական Հաջաթյանը 5 տարի առաջ առավոտյան արթնացել ու գործի է անցել. նա «ԳԱԶ 24–ի», «Զապորոժեցի», «Մոսկվիչի» մասերը համակցելով` ուղղաթիռ է սարքել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հաջաթյանը պատմեց, որ թե՛ տան անդամները, թե՛ հարևանները չեն հավատացել, որ երկաթի կտորներն ուղղաթիռի մասեր են դառնալու։
«Բանակում ծառայելու ժամանակ ուղղաթիռների տեխնիկ եմ եղել, ու այդ ժամանակից սկսած` ավիաոլորտն ինձ շատ է հետաքրքրել։ Միշտ մտածում էի` տեսնես հնարավո՞ր կլինի մի ուղղաթիռ ստեղծել, որն ավելի մատչելի կնստի, քան եղածների գներն են։ Մի գիշեր մտածեցի, որ, վե՛րջ, պետք է երազանքն իրականություն դարձնել. արթնացա ու գործի անցա»,– պատմեց Հաջաթյանը։
Ուղղաթիռը պատրաստելիս հարևանները թերահավատորեն են վերաբերվել նրա գործին, տան անդամներն էլ մտածել են` մի քանի օր կաշխատի ու «հավեսը կհանի», բայց հետո հպարտորեն են սկսել նայել ուղղաթիռը ստեղծողին։
Հաջաթյանը մասնագիտությամբ էլեկտրիկ է, Արթիկի էլեկտրական ցանցում է աշխատում, վթարներն է վերացնում. բարձր լարման կայանների հետ գործ ունի։ Մասնագիտությունը, ասում է, օգնել է, որ ուղղաթիռի ինչ–ինչ հատվածներ պատրաստի։
Հաջաթյանի խոսքով` 3 տարի աշխատել է ուղղաթիռի վրա, մանրամասն մշակել ու սարքել յուրաքանչյուր դետալը և ամեն մանրուքին ուշադրություն դարձնել։ Նա հավաստիացնում է` չկա մի բան, որով ուղղաթիռը կտարբերվի մյուսներից։
«Ուղղաթիռն իր բոլոր ֆունկցիաներն անում է, ամեն դետալի մասին մտածել եմ, գտել։ Չգիտեմ` որքան գումար եմ ծախսել վրան, բայց հաստատ քիչ չի։ Այս կարգի ուղղաթիռները, եթե նորմալ հավաքես, 15-18 000 դոլար կարժենա պետության վրա, բայց նման ուղղաթիռների գինը 150-180 000 դոլար է»,– ասում է ուղղաթիռի վարպետը։
Տան բակում կանգնած ուղղաթիռը մեկ անգամ «տեղից պոկել» է, սակայն քանի որ բակի տարածքը մեծ չէ, վտանգավոր է ու հնարավոր էլ չէ այդտեղից սկսել այն վարել։ Բացի այդ, ուղղաթիռի շարժիչի հզորությունը թույլ է, իսկ հզոր շարժիչը ծախսատար է։
Նյութն ամբմողջությամբ կարդացեք աղբյուր կայքում։