Մենք պատրաստ ենք թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, սակայն համարում ենք, որ այդ քննարկումները պետք է անցկացվեն քաղաքական ուժերի միջև:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա է պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել»,-ասել է Դավիթ Հարությունյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մի քանի դրույթներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:
«Մենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմ ներդնելով, օրինակ՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա ստեղծելը:
Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկություն է, և մենք պատրաստ ենք մասնակցել քննարկմանը՝ պաշտպանելով այս դրույթը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ պատրաստ են պաշտպանել նրա արտահայտած մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովի ցուցակների մոբիլությունը, երբ ավտոմատ արգելափակվում է քաղաքացու ընտրելու իրավունքը` նրա կողմից պետական սահմանն անցնելուն պես:
«Ինչ վերաբերում է այսպես կոչված ռեյտինգային համակարգին, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այդ համակարգը շատ օգտակար է»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, թե այն երկրներում, որտեղ անցում է կատարվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, այդ երկրներում քաղաքականությունը սկսում է կենտրոնանալ միայն քաղաքներում: